Ատեստավորման ժամանակ հաշվի է առնվելու զինծառայողի վիրավորում ստացած լինելու հանգամանքը․ Պապիկյան

Պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողների ատեստավորման ժամանակ հաշվի են առնելու նրա վիրավորում ստացած լինելու հանգամանքը։ Այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նրանք, ովքեր մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ առողջության բերումով չեն հանձնի տվյալ քննությունը: Դիցուք, եթե ունեն ձեռքի վիրավորում, և ատեստավորման այդ վարժությունը կախված է ձեռքից, այդ վարժությունը կհամարվի նրանց կողմից հանձնված։ Եվ նրանք կհանձնեն մյուս քննությունները»,–ասաց Պապիկյանը։

Միևնույն ժամանակ նախարարը հավելեց, որ զինծառայողի պատերազմի կամ մարտի ժամանակ վիրավորում ստացած լինելու հանգամանքը պետք է արձանագրված լինի նրա հիվանդության պատմության մեջ։ Եվ ըստ դրա է հանձնաժողովը հաշվի առնելու ֆիզիկական կամ կրակային պատրաստությանը զինծառայողի մասնակցությունը։

Ատեստավորման ծրագիրը ներդրվել է անցյալ տարվա վերջին։ Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։

Ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։ Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։

Related posts

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

«Լադանիվա»-ն եզրափակիչ փուլում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո