Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին

Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:

Նա անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:

«Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»,- ասաց Շալլենբերգը:

Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը:

«Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:

Related posts

2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը. Վարդապետյան

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով

Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կատարած խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները