Ղազախստանը միջազգային ասպարեզում վարում է և կշարունակի վարել ռացիոնալ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն առաջին հերթին ուղղված է երկրի շուրջ խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։‹Այս մասին Ղազախստանում մարտի 15-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեի նախօրեին Աստանայում հյուրընկալված արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Իսետովը:Անդրադառնալով սպասվող սահմանադրական հանրաքվեի նշանակությանը՝ նա մատնանաշել է, որ այս օրերին Ղազախստանն ապրում է իր զարգացման պատմական փուլերից մեկը։ ‹‹Վերջին տարիների ընթացքում մենք շատ բան ենք արել։ Մենք կառուցել ենք անկախ պետություն և դրել կայուն զարգացման հիմքերը։ Մենք հետևողականորեն զարգացրել ենք մեր տնտեսությունը, արդյունաբերությունը և ձեռներեցությունը՝ միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկային կապիտալի զարգացմանը՝ ներդրումներ կատարելով գիտության և կրթության մեջ։ Այսօր Ղազախստանը ուժեղ պետություն է՝ բարձր միջազգային հեղինակությամբ, կայուն քաղաքական համակարգով և կայուն զարգացող տնտեսությամբ։ Արտասահմանյան քաղաքական գործիչներն ու փորձագետները հարգում են մեր երկիրը և ճանաչում այն որպես ազդեցիկ միջին տերություն››,-նշել է ԱԳ փոխնախարարը։ Նրա խոսքով՝ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմաններում Ղազախստանը շարունակում է պահպանել կայուն տնտեսական աճ և վստահորեն իրականացնել իր ազգային զարգացման ռազմավարությունը։ ԱԳ փոխնախարարի դիտարկմամբ՝ 2025 թվականի արդյունքների համաձայն՝ Ղազախստանի ՀՆԱ-ն կազմել է 306 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը թույլ է տվել երկրին այս տարի ընդգրկվել աշխարհի 50 խոշորագույն տնտեսությունների ցանկում։ Բացի այդ, փոխնախարարի խոսքով, ընթացիկ տարվա վերջին, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների կանխատեսումների համաձայն, Ղազախստանի ՀՆԱ-ն, կանխատեսվում է, որ կհասնի 320 միլիարդ ԱՄՆ դոլարի։ ‹‹Երկրի ոսկու պաշարները կազմում են 74 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր պաշարները՝ 139 միլիարդ դոլար։ Միջազգային ասպարեզում Ղազախստանը վարում է և կշարունակի վարել ռացիոնալ և հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն ուղղված է հիմնականում մեր երկրի շուրջ խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։ Սա անհրաժեշտ է երկրում իրականացվող բարեփոխումները շարունակելու համար։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ իրականացվում են լայնածավալ վերափոխումներ››,-հայտարարել է Արման Իսետովը։Ղազախստանի ԱԳ նախարարությունում մարտի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցից հետո արտասահմանյան լրագրողներն այցելել են նաև երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ մանրամասն կերպով նրանց են ներկայացվել Սահմանադրական հանրաքվեի անցկացման պայմանները, նախապատրաստական աշխատանքներն ու հասարակության մասնակցության մասշտաբների շուրջ սպասելիքները: ԿԸՀ-ում անցկացված հանդիպմանը, մասնավորապես, առանձնանշվել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացման համար ծախսվել է շուրջ 20 միլիարդ 600 միլիոն ղազախական տենգե:Հանդիպման ընթացքում Ղազախստանի ԿԸՀ փոխնախագահ Մուխթար Երմանը, մասնավորապես, նշել է, որ հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար արդեն հավատարմագրվել են 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այս, նրա խոսքով, 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել հանրաքվեին և քվեարկել 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչություններում։Ղազախստանում նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն անցկացվում է մարտի 15-ին, որին մասնակցելու հնարավորություն ունի ավելի քան 12 միլիոն ընտրող։ Ընտրատեղամասերում քվեարկությունն անցկացվում է տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ն։ Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։