Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի դասախոսներն ու ուսանողները:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ «Առաջնորդության դպրոցը» հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և ընդգծել, որ առաջնորդ լինելը որոշում է ու կամք:
«Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ձեր ամենամտերիմ մարդկանց կողմից և այնպիսի պահերի, երբ չեք սպասում:
Առաջնորդները, սակայն, երբեք չեն հանձնվում: Վստահեցնում եմ՝ հուսահատության ժամանակ կամքն է, որ ուղղում է ձեր մեջքն ու ստիպում առաջ գնալ, շարունակել այն ճանապարհը, որին հավատում եք»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու կրկին ընդգծել, որ «չեմ կարող»-ներն ու «չեմ ուզում»-ները հաղթահարվում են որոշման ու կամքի ուժով: