Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան

ՀՀ արդարադատության նախարարությունը, առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին:

Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատարանների դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։

Ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն նույն գործառութային կարգավիճակը՝ հանդիսանալով առաջին ատյանի դատարանի դատավորներ, լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները, հավասարապես պատասխանատվություն են կրում պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար, աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, բոլորը հավասարապես պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները, և, ըստ այդմ, նրանց համար նախատեսված նյութական և սոցիալական երաշխիքները պետք է լինեն հավասար։

Հարկ է արձանագրել, որ դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները, ուստի դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովումն ունի առանձնահատուկ կարևորություն:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել