Կառավարության որոշմամբ Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասը ՀՀ-ին է փոխանցվել Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Աշտարակի համայնքապետի Դատախազության հայցի բավարարումից հետո: Հողամասի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31,7 մլն դրամ: Հողամասի աճուրդը ճանաչվել է անվավեր: Դրա հիմքով 2025 թ. մարտի 14-ին հողամասն արդեն պետական գրանցում է ստացել՝ որպես ՀՀ սեփականություն:
Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ այն համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում Դատախազության կողից ներկայացված հայցի բավարարման արդյունք է: Օրգով համայնքի նախկին ղեկավարը 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հա մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն: «Ավելին, հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ: Սա «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է ԿԳՄՍ նախարարությանը»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև գործադիրի նախորդ որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում պետությանն ամրացված գույքերին: Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ Շրջակա միջավայրի նախարարության է ամրացվել 2 հողատարածք. դրանք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում: «2 հողատարածքների ընդհանուր արժեքը 1.5 մլն ԱՄՆ դոլար է: Ինչո՞ւ ենք ամրացրել ՇՄՆ-ին: Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու, և տարածքն օգտագործվելու է որպես անտառային նշանակության օգտագործելու համար: Սա ևս պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված գույք է:
Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել են առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության երկու հայցերը և անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագրերը ու կիրառել անվավերության հետևանքները: Այդ գույքերը անցյալ շաբաթ ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը:
Առաջիկայում Կառավարության նիստին կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 մլն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հա մակերեսով հողամասը: Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մեր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի: Հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանը բավարարել է մեր հայցը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Առաջիկայում ըստ նպատակային նշանակության գույքը կամրացվի Կառավարության լիազոր մարմնի»,– ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանը հավելել է նաև, որ պարբերաբար այս հայցերի մասին հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով, տեղեկացնում են Կառավարության գործընկերներին, որ նման գույքեր կան վերադարձված, և գույքերն անհրաժեշտ է ըստ իրենց նպատակային նշանակության կիրառել:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում՝ համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին: Այսպիսով՝ Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի դատախազությունը կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: «Ինչպես ենք մենք իմանում այս կամ այն համայնքային նշանակության գույքը մասնավոր անձանց պատկանելու մասին, հիմքը քաղաքացիների դիմումներն ու հաղորդումներն են, որոնց մենք ստանում ենք տարբեր եղանակներով՝ ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ գրավոր փաստաթղթերով: Ուսումնասիրության արդյունքում նույն սխեման էր վեր հանվել. 2017 թվականի փետրվարի 27-ին Խաշթառակ գյուղական համայնքը, ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը՝ տարեկան 165 հազար դրամ վարձավճար: Երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13 750 դրամ էր կազմում ամսական, և 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը: Նաև նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով, փաստորեն, վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ: Մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է: Մենք նաև համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաև այդ տարածքը: Նշեմ, որ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 մլն 121 հազար դրամ է: Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզն արժե մոտավորապես 85 մլն 935 հազար դրամ: Դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն է»:
Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ 2025 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ շուրջ 321 հազար դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6,5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ:
Անդրադառնալով, մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ պատմությունը կապված է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ հետ:
«Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղություններն ակտիվացել են, այդ մարդիկ մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք»,– ասել է երկրի ղեկավարը՝ անդրադառնալով իր ընտանիքին առնչվող ապատեղեկատվություններին, հատկապես այն լուրին, թե, իբրև, ՀՀ վարչապետը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով տուն է գնել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ մարդիկ չեն հասնելու են իրենց նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնալու են: «Մենք շարունակելու ենք բոլոր թալանվածները հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա, չեն փախնի»:
Արձագանքելով ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է. «Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել և պատկանել է առաջինը՝ երեխաներին, հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը, ճիշտ եք, պատկանել է ԱԳ նախկին նախարարի տիկնոջը: Քրեական վարույթի շրջանակներում է, որ համայնքի հետ հաշտության արդյունքում 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին: Մենք նաև ճշտել ենք մեր գործընկերներից, որ այն ներառված է սուբվենցիոն ծրագրում, և առաջիկայում նույնիսկ ներկայացված է Կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի: Մեր հաշվակներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս շենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում»:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին. ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 44 միլիոն 177 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ:
Գլխավոր դատախազը նշել է նաև, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում առկա է 152 հայցադիմում: Ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը: 5 հայցադիմումի վերաբերյալ կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել՝ բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից: «Հիշեցնեմ, որ 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 hազար ՀՀ դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը: 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Ապօրինի գույքի մասով Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում. «Կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարում և նոր հայցեր ենք ներկայացնում դատարան»: