Եկեղեցու մասին զեկույցում հղում ենք տվել տարբեր աղբյուրների՝ ցույց տալու, որ այդ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դուք եք գրել դրա մասին, այսինքն՝ մենք այդ ճգնաժամի հեղինակը չենք, ինչպես ոմանք ուզում են ներկայացնել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու մասին զեկույցին, որում հղումներ կան մամուլում հրապարակված հոդվածներին:
Ըստ Փաշինյանի՝ եկեղեցու շուրջ ճգնաժամն անկախ կամքից գոյություն ունի, և զեկույցը ցույց է տվել այդ բոլոր փաստերի առնչությունը կանոնականության հետ, դրանց ապականոն լինելու մասին՝ ցույց տալով ՀԱԵ-ի որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը:
«Եկեղեցին ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները, եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, և հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից: Եկեղեցու կառավարման ավանդույթ են ծխական խորհուրդները, թեմական խորհուրդները, Ազգային եկեղեցական ժողովը, որը, ի հեճուկս սահմանվածության, չի սահմանվել:
Բա պատկերացրեք՝ ՀՀ-ում Կառավարության նիստեր չլինեն, ԱԺ նիստեր չլինեն: Կասեք՝ հա դե, ոչինչ: Կասե՞ք: Բա եկեղեցում նույն վիճակն է, բռնազավթված է եկեղեցին: Բա պատկերացնո՞ւմ եք՝ ես կարգավիճակ ունենամ, որը բացառում է իմ՝ վարչապետ լինելը»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողով կստեղծվի, և դրա արդյունքում օրենսդրական փոփոխություններ կլինեն:
«Եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի, և հավատավորները, հավատացյալները, բանավոր հոտը, Աստծո բանավոր հոտը, ինչպես մեր Սուրբ Պատարագի տեքստում ասվում է, պետք է լիարժեք մասնակից լինեն եկեղեցու կառավարմանը: Այսինքն՝ Կտրիճ Ներսիսյա՞նն է որոշում՝ սա այնտեղ լինի, նա այնտեղ լինի: Ո՛չ, ինքը չի որոշում, համայնքն է որոշում՝ ով լինի քահանա, կամ առնվազն մեծ ազդեցություն է ունենում դրա վրա: Դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե КГБ գործակալների միջոցով որոշումներ կայացնելը:
Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին, այդ թվում՝ հենվելով Սահմանադրության վրա, ըստ որի՝ ՀԱԵ-ի և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում: Եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի, ինչքան ծախսվեց, ինչի համար:
Քահանաները պետք է սոցիալական երաշխիքներից օգտվեն: Այսօր մարդիկ առողջության ապահովագրությունից չեն կարողանում օգտվել, որովհետև ֆիքսված աշխատավարձ չկա նրանց համար: Էլ չեմ ասում, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, և պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար»,- ասաց նա: