Անտառային հրդեհները ռեկորդային վնաս են հասցրել Կալիֆոռնիա նահանգին

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհներն ԱՄՆ պատմության մեջ կարող են լինել ամենածավալուն և ռեկորդային վնաս պատճառած բնական աղետը, ասել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը: Այս մասին գրում է Financial Times-ը։

Նա նշել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի։ Ըստ վերջին տվյալների՝ այն հասել է 24-ի:

Իշխանությունները հրդեհների պատճառած վնասի հստակ գնահատականներ չեն ներկայացրել։ Օդերևութաբանական հաշվետվություններ տրամադրող AccuWeather ընկերության գնահատականներով՝ հրդեհները 135-150 միլիարդ դոլարի տնտեսական վնաս են պատճառել, Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրդեհներից այրվել է առնվազն 16100 հեկտար տարածք, ավերվել է 12300 շինություն:

Հրդեհների մարմանը մասնակցել են հազարավոր հրշեջներ, օգտագործվել են ծանր բեռնատարներ ու ինքնաթիռներ։ Նախօրեին Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելը հավանական է համարել զինվորականների ներգրավումը հրդեհների դեմ պայքարում: Նա զգուշացրել է, որ առաջիկա օրերին սպասվում են ուժեղ քամիներ, որոնք նպաստում են կրակի տարածմանը։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը