Անընդունելի է. ԶՊՄԿ-ն` ընկերության գործունեությունը խոչընդոտելու կոչերի մասին

ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում իրենց աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Ֆեյսբուքի էջից։
«Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։

Related posts

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում