Անդրանիկ Քոչարյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաև դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելը:

Անդրադառնալով պատերազմի հետեւանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն իրականացնելու համար: «Ռազմագերիների հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- շեշտել է նա:

Զրուցակիցները խոսել են նաև պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արևելքից ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին: «Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, և այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն, այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ: Այս ճանապարհին պետք է փորձել տարբեր մակարդակներում երկխոսության հասնել»,- նշել է Լին Թրեյսին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, և  այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:

Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը,  ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր:

Related posts

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին

Համընդհանուր դիզայն․ միջավայր, որը հասանելի է բոլորին