Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ

Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Արթուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին:
Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, Անահիտ Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վեր հանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին , իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի