Անահիտ Ավանեսյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է համատեղ իրականացվող ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բուժանձնակազմի կրթական վերապատրաստումներին և բուժաշխատողների լիցենզավորմանն առնչվող գործընթացին:
Ոլորտային շինարարական ծրագրերի մասին խոսելիս նախարարը դեսպաններին հայտնել է նոր ամբուլատորիաների կառուցման համար տենդերային նախագծի մասին:
Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող ծրագրերին, այդ թվում` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և խմելու ջրի որակի ստանդարտացմանն ուղղված, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի շրջանակում նախատեսվող ԵՄ Թվինինգ ծրագրին:
Ոլորտային բարեփոխումները և նախատեսվելիք ծրագրերը ներկայացնելուն հաջորդել է հարցուպատասխան:
Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի բարեփոխումների և կարիքների ներկայացման համար` շեշտելով առողջապահության ոլորտի հզորացմանը միտված համատեղ աշխատանքների կարևորությունը, և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ ոլորտի շատ խնդիրներ կունենան իրենց պատասխանները:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան