Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ»՝ Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

«Ֆրանսիան ազնավուրացված է»,-գրել է ֆրանսիական մամուլը։

Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն: 1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է:

Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյեի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

Ազնավուրի անունով կոչվել են՝ հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։

2024 թվականի մայիսի 20-ից ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին Շառլ Ազնավուրի Գյումրիի հուշարձանն է, իսկ դարձերեսին` նրա դիմապատկերը։

Related posts

Ահազանգ՝ Շիրակ օդանավակայանում ռումբի մասին․ դեպքի վայրում են ոստիկանները

Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ

Վարչապետն ու ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր