Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։

Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Related posts

32/28 ընտրատեղամասում արդեն քվեարկել է ավելի քան 100 ընտրող

Տարեց ընտրողները հաճախ օգնության կարիք ունեն․ ինչ իրավիճակ է 31/55 ընտրատեղամասում

31/56 ընտրատեղամասում է քվեարկել նաև պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը