ԱՄՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին՝ ընտրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։

Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,-հորդորում է կողմերին ԱՄՆ-ը։

Related posts

Մայիսի 2-ի հոսանքազրկման հասցեները

Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև

Կանգառի, կայանման կանոնները խախտելու համար նախատեսված տուգանային միավորի չափը նվազեցվել է