ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Թեհրանը դեռ չի որոշել՝ արդյոք պե՞տք է մշակի միջուկային զենք, թե՞ ոչ, չնայած Իրանն ունի դրա համար անհրաժեշտ հարստացված ուրան, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ Իրանն, ամենայն հավանականությամբ, կդիմի միջուկային զենքի ստեղծմանը, եթե ԱՄՆ զինված ուժերը հարվածեն Ֆորդոյի միջուկային օբյեկտին կամ Իսրայելը սպանի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։
«The Wall Street Journal-ն ավելի վաղ նշել էր, որ Ֆորդոյի գործարանը կարող է դառնալ Միացյալ Նահանգների պոտենցիալ թիրախը, եթե որոշի հարվածել Իրանին։
MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորներն ասել էր, որ Թրամփի ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին Սենատին տեղեկացրել էր, որ «Իրանը որևէ քայլ չի ձեռնարկում ռումբ ստեղծելու ուղղությամբ»։
«Եվ մենք ստացանք հաստատում: Այս երկուշաբթի էլ հայտնի դարձավ, որ հետախուզական տվյալները չեն փոխվել», – հավելել է սենատորը։
Մինչդեռ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը լայնածավալ հարվածներ հասցրեց Իրանին՝ հայտարարելով, որ նպատակ ունի խափանել Թեհրանի միջուկային ծրագրի աշխատանքները։