ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 հազար դոլար արժողությամբ կոկաին

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը:

Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

Հիշյալ դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Այսպես, «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածները փոխարինվել են նմանատիպ զանգվածներով: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում հեռախոսազանգ է կատարվել առաքանու ստացման համար նշված հեռախոսահամարին և տեղեկացվել, որ ծանրոցն առաքվելու է։ Հեռախոսազանգին պատասխանած անձի վարքագիծը կասկած է հարուցել, ուստի որոշվել է պարզել, թե տվյալ հեռախոսահամարն ում կողմից է շահագործվում։

Պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը շահագործվում է մեկ այլ անձի` ոմն Հ.Փ.-ի կողմից։ Առաքանին ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հասցվել է նշանակման վայր, որը դարանակալվել է։ Այդ ընթացքում տվյալ տարածք է մոտեցել քաղաքացի Հ․Փ․-ն, իսկ առաքանին ստանալու համար մոտեցել է Կ․Բ․-ն: Առաքանին ստանալուց անմիջապես հետո, վերջինս, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, իսկ մյուս քաղաքացին դիմել է փախուստի։ Սակայն օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը Հ․Փ-ն հայտնաբերվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում, որտեղից ևս երկու անձի հետ ձերբակալվել ու տեղափոխվել է ՄԴՊ վարչություն։

Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ ձերբակալված բոլոր անձինք հնարավոր է ներգրավված լինեին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Ձերբակալված անձինք տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական

հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն,որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար և դատարանի որոշման հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա ձերբակալված անձանցից 2-ը կալանավորվել են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ