ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարություն է տարածել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի կապակցությամբ՝ նշելով խաղաղության հաստատման հարցում Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ Նա պատմական է որակել Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Համատեղ հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և սկիզբ դրեց միջազգային խաղաղությանը և բարգավաճմանը միտված հեղափոխական Թրամփի ուղուն՝ TRIPP-ին։ Վերջին տասներկու ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ աշխատել է այդ խոստումն իրականություն դարձնելու ուղղությամբ։ TRIPP-ը բազմամոդալ տարանցիկ ուղի է, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, և այն իրականություն է դառնում։ Հայաստանում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են, իսկ Ադրբեջանը մոտ է Հայաստանի հետ կապող մայրուղու և երկաթուղու կառուցման ավարտին»,- ասված է հայտարարության մեջ։

Պետքարտուղարի խոսքով՝ խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։

«Այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ Թրանս Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամը սկսել է գործել։ Այն ղեկավարում է տնօրենների նորընտիր խորհուրդը, իսկ դրա կապիտալը կազմում է 201 միլիոն դոլար՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմնադրամի նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցքի) երկայնքով։ Այս առաջընթացն արտացոլում է մի պարզ ճշմարտություն՝ խաղաղությունն ու բարգավաճումը փոխլրացնում և ամրապնդում են իրար։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, Միացյալ Նահանգների և այլ երկրների համար առևտրային հնարավորությունների խթան և օրինակ, թե ինչպես կարող է տնտեսական գործակցությունն ամրապնդել խաղաղությունը»,- ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Ռուբիոն շեշտում է՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը և պատրաստ է առաջ շարժվել նրանց հետ։

«Շնորհավորում ենք երկու երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և տեսլականի համար և ակնկալում ենք, որ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը կշարունակվի»,- եզրափակել է Մարկո Ռուբիոն։

Related posts

ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո

Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը