Ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն մինչև 6 տարեկանը

Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած՝ ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն մինչև 6 տարեկանը: Այս մասին ասաց վարչապետը խորհրդարանում՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխային ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ դա նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն. 2 երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:

«Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները, և, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,- ասաց Փաշինյանը:

Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար նա կարևորեց ամուր տնտեսական և անվտանգային հիմքերը: Փաշինյանը խոստացավ, որ դրանք դնելու են ամուր հիմքերի վրա և ստեղծելու են առաջիկա մի քանի տարիների ընթացում:

«Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- նշեց նա:

Related posts

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան