ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար բազմաթիվ մասնագետներ, ովքեր ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ:

Նախագահ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է գործադրել առավելագույն ջանքեր: Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի առաջատար մասնագետներին ցուցաբերած պատրաստակամության ու աջակցության համար՝ ընդգծելով նրանց ունեցած անձնուրաց ներդրումը հատկապես պատերազմական օրերին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Related posts

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների համար մի շարք տարբերակներ է առաջարկել. ՀՀ-ում ՌԴ դեսպան