Ալեն Սիմոնյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր:

Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Ճապոնիան մեզ համար կարևորագույն գործընկեր է, և Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությանն առնչվող հարցեր:

Ճապոնիայի դեսպանը կարևորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան