Ալեն Սիմոնյանը և իտալացի պատգամավորները կարևորել են հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կարևորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է, և ուրախալի է այն, որ իտալական խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում ևս գործում է Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. 44-օրյա պատերազմի և դրանից առաջ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար: Նա առանձնացրել է հատկապես 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ջերմ ողջույններ է փոխանցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ հույս հայտնելով, որ Հայաստան ծրագրված նրա այցը կիրականանա, և հայ-իտալական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին