Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է այցելել Հայաստան

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է:

Պատվիրակությունը, որի կազմում են նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝ թե՛ որպես երկկողմ գործընկերոջ և թե՛ որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև, ինչպես նաև «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձևաչափի շրջանակում:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:

Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում