ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի՝ ԵՆԱԲ-ին միանալու հարցը. կառույցի հիմնադիրներից են Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը

Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստում քննարկվեց «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» (ԵՆԱԲ) համաձանագրին միանալու և Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որի նպատակներից է տարածաշրջանում ենթակառուցվածքների փոխկապակցվածության բարելավումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խորացումը: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«ԵՆԱԲ-ին անդամակցում են 100-ից ավելի երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են մեր անմիջական հարևան Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Բանկին անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր նեդրումային ծրագրերին, համագործակցելու զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելու պետական ու մասնավոր կապիտալ: Անդամակցումը նաև նոր խթան կհաղորդի հայ-չինական տնտեսական և քաղաքական երկխոսությանը»,- ասաց նախարարի տեղակալը:

Ըստ Նարեկ Հովակիմյանի՝ այն կարող է նաև ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման հնարավորություն ստեղծել:

«Բանկին անդամակցության գործընթացը ենթադրում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքն է 100 հազար ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի անդամակցությունը նախատեսվում է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ»,- ասաց նա և հավելեց՝ չինական կապիտալի ներհոսքն ապահովելու համար ավելի շահավետ է, եթե ՀՀ-ն դառնա ԵՆԱԲ-ի անդամ:

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարախոսության հիմքում ընկած բոլոր թեզերը համահունչ են ներդրումային բանկի [պահանջներին] մեր անդամակցության տեսանկյունից»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կարևորեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի ընդունումը՝ որպես Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար, ապա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է պատգամավորական խմբի այց Չինաստան:

«Համոզված եմ, որ այս անդամակցությունը ԵՆԱԲ-ի մասով մեզ կբերի նոր հնարավորություններ Չինաստանի և գործընկեր այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման առումով»,- ասաց Արշակյանը:

Related posts

Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ֆինանսների նախարարը դիպլոմներ է հանձնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներին

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ