ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 85 պատգամավոր:

Նշենք՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում:

Նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն