Հոկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնի վրա։ Ընկերությունից հայտնել են, որ տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է, դրա աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, տուժածներ չկան։ Սա Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված Yandex-ի երրորդ տվյալների կենտրոնն է։ Yandex Cloud ամպային հարթակն աշխատում է վթարային ռեժիմով․ դրա երկու հասանելիության գոտիներն անհասանելի են։ «Մնացած ռեսուրսների կազմաձևը համարում ենք անկայուն»,- հայտարարել են ընկերությունից՝ հաճախորդներին խորհուրդ տալով վերականգնել ռեսուրսները արտաքին հարթակներում։ Հարձակումից հետո Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սիբիրում, դադարել են աշխատել Yandex Go-ն, Yandex Pay-ը, Yandex Еда-ն, Yandex Pro-ն, Алиса-ն, Кинопоиск-ը և այլ ծառայություններ։ Ինչպես գրում են Осторожно, новости և Astra լրատվամիջոցները, տաքսի պատվիրել չի հաջողվում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Պերմում, Կրասնոյարսկում, Ուլան Ուդեում, Վլադիվոստոկում և այլ քաղաքներում, ինչպես նաև Սերբիայում, Ղազախստանում, Բելառուսում ու Հայաստանում։ Վարորդները չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ կամ նրանց նավիգացիան խափանվել է, իսկ ուղևորների հավելվածում նշվում է, որ գծում մեքենաներ չկան։ Yandex Pay-ի որոշ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել իրենց գումարներին։ Ինչպես գրում է Осторожно, новости-ն, չեն աշխատում նաև Yandex-ի ներքին հավելվածները, որոնք նախատեսված են առաքիչների, վարորդների և աջակցության ծառայության համար։ Անասնաբուծական ծագման արտադրանքի էլեկտրոնային հավաստագրերի ձևակերպման համար օգտագործվող պետական «ՎետԻՍ» անասնաբուժական համակարգը տեղափոխվել է վթարային ռեժիմ՝ «Վլադիմիրի մարզում էլեկտրամատակարարման վթարային անջատման պատճառով»։ Խափանումներ են արձանագրվել նաև CIAN-ում, «Вкусно — и точка»-ում, FlowWow-ում, Додо-ում և GGsel-ում։ Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ հարձակման հետևանքով անջատվել են երկու ենթակայաններ, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում 5 հազար բնակչի։ Մոտակա տներից տարհանում են մարդկանց։ Մոտ մեկ ժամ անց նա հայտարարել է, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է 80 տոկոսով, իսկ ջերմամատակարարումն ու ջրամատակարարումը՝ ամբողջությամբ։ Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ «անօդաչու սարքերի բեկորներն» ընկել են օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով վարչական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։