Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, հուշարձանը, վնասել Սբ. Աստվածածին եկեղեցին

Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ ադրբեջանցիները քանդել են Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին: Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշենի դպրոց» ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև համայնքի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին և վերանորոգվել 2012 թվականինին: Այս մասին հայտնում է monumentwatch.org-ը:

Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը նույնպես ոչնչացվել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը քանդում և ավերում Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։

Գյուղական համայնքը գտնվում է Արցախի Հանրապետության հարավային հատվածում, Ասկերան շրջկենտրոնից՝ 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1904 թվականին:

Նշվում է՝ չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում։

Related posts

Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են

Խաչատուր Ավետիսյան․ հարյուրամյակ՝ հնչյունների հավերժությամբ

Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման