Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը՝ UNODC-ի 14-րդ կոնգրեսին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC), որին մասնակցում են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։

«Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։

«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։

ՀՀ արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ նախարարն անդրադարձել է 2018 թվականի թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ դրանից ի վեր Հայաստանը նոր վճռականությամբ է ձեռնամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթանելու և հանցագործությունների կանխարգելման ու քրեական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։

Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնահերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կանխարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրեական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ