Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաքելությունների համար. փոխարտգործնախարար

Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջանքերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավարակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթանել երկրների միջև փոխգործակցության խորացումը բոլոր մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշել է, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման, բնակչության խոցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։

Վերջինս նշել է, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար:

Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։

Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համավարակից կայուն վերականգնման գործում:

Related posts

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան

Ֆրանսիական ընկերության կողմից իբրև թե Հայաստան տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄ նախարարություն