Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արած հայտարարությանը:

Փաշինյանի խոսքով՝ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին գրավոր պայմանավորվածությունը:

«2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որում Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը:

Ընդ որում՝ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին:

Ի հեճուկս Սոչիի և հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Related posts

Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

Ալմա-Աթայի հռչակագիրը, որպես սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից. Փաշինյան