Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող ադրբեջանական AZAL-ի օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք է կատարել տեղի Պուլկովո օդանավակայանում, սակայն դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բաքու մեկնող չվերթը վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շասսիի մեխանիզմի հետ կապված անսարքության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։ Օդանավակայանում նշել են, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, սակայն վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Ուղևորներ կամ անձնակազմի անդամներ չեն տուժել։ AZAL-ի տեղեկատվության համաձայն՝ թռիչքի առավելագույն անվտանգությունն ապահովելու համար Սանկտ Պետերբուրգ-Բաքու երթուղով իրականացվող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի J2-020 չվերթի հրամանատարը որոշել է վերադառնալ և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շասսիի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։ Բոլոր 155 ուղևորներն օպերատիվ տարհանվել են, և տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ մեկ այլ ինքնաթիռ է ուղարկվել՝ Սանկտ Պետերբուրգից Բաքու ուղևորներին տեղափոխելու համար։
Աղբյուր՝ factor.am