Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունությանը․ Միրզոյանը՝ Գրոձկիին

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ՝ հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ  լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։

Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական  հռետորաբանությունը  խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ