Ադրբեջանը չի միացել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ու բռնությունները դատապարտող՝ ԱՊՀ երկրների հայտարարությանը

Բիշքեկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության տարածքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

Դրանում, մասնավորապես, մտահոգություններ են արտահայտվում ռազմական գործողությունների լայնածավալ սրման առնչությամբ, ինչը երկու կողմից հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի, դատապարտվում են ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում, պատանդ վերցնելն ու քաղաքացիական անձանց նկատմամբ բռնի այլ գործողությունները:

Հայտարարությունում մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնում Գազայի հատվածում սպասվող հումանիտար աղետի կապակցությամբ, շեշտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան գործելու և բոլոր կարիքավորներին անհրաժեշտ աջակցության տրամադրելու անհրաժեշտությունը:

Կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել կայուն զինադադար և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակչության համար:

Փաստաթղթում ընդգծվում է միջազգային իրավական հիմքի վրա Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և հարատև խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան որոշումներն ու Արաբական խաղաղության նախաձեռնությունը:

Հայտարարությանը միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ռուսաստանն ու Ուզբեկստանը, չի միացել Ադրբեջանը:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար