Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութիին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դաութին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման հարցում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։ Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային կապերի ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությանը։ Իլհամ Ալիևը, իր հերթին, հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ, գոհունակություն է արտահայտվել քաղաքական հարաբերությունների ներկայիս վիճակի կապակցությամբ։ Անդրադառնալով Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև էներգետիկ հարաբերություններին՝ նշվել է Բաքվի և BP-ի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը, որը հաջողությամբ իրականացվում է ինչպես ավանդական, այնպես էլ վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Հայտարարվել է, որ BP-ի հետ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի առաջիկա տասնամյակներում։