Ադրբեջանական կողմի շրջայցը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր համաձայնեցված չի եղել Արցախի իշխանության հետ. ինքնաբուխ հավաքի արդյունքում այցը ձախողվել է

Արցախի Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։

Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան