Ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ. Արցախի ԱՆ

Medical drip in hospital corridor, concept of treatment

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ:

«Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:

Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին