Աբովյանում նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։

Ոստիկանությունից հայտնում են՝ անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։

Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։

Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ կատարվածի արդյունքում տուժածներ չկան։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են