ԱԱԾ-ն հայտնում է գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեպք բացահայտելու մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետև երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ ևս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրև պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:

2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,  առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան