Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը

Ֆրանսիայում այսօր անցկացվում է երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը: Բացվել են ընտրական տեղամասերը, ընթանում է քվեարկությունը:

Ընտրությունը կորոշի՝ արդյո՞ք ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» առաջատար ուժ կդառնա Ազգային ժողովում և արդյո՞ք դրա առաջնորդ Ժորդան Բարդելան կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը սկսվել է առավոտյան 08:00-ից և կտևի մինչև 18:00-ն: Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը կարող են բաց լինել մինչև 20:00-ն՝ կախված ընտրողների հոսքից:

Առաջին պաշտոնական արդյունքները կհայտարարվեն դրանից հետո:

Հիշեցնենք՝ առաջին փուլում մասնակցությունը դարձել էր ռեկորդային ու գերազանցել 66 տոկոսը: Ֆրանսիացիները երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք էլ կներկայացնեն նրանց շահերը Ազգային ժողովում:

Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։

Նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։

Ընտրությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Ազգային միավորում»-ը խորհրդարանում կարող է ստանալ ամենաշատ տեղերը, բայց չի կարողանա կազմել բացարձակ մեծամասնություն:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տա և կմնա նախագահի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է ընտրության արդյունքների հրապարակումից հետո անկարգությունների բարձր հավանականության մասին:

Ավելի քան 30 հազար ուժային է ներգրավվել երկրում անվտանգությունն ապահովելու գործում, նրանցից 5 հազարը՝ Փարիզում և արվարձաններում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է երկրի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ