«Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումը

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ղեկավարությանն ուղղված դիմումը:

Tert.am-ի հաղորդմամբ, «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք:

«Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի հավելյալ»,-ասել է Զախարովան:

Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին: Խոսքն այն օգնության մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում:

Այս պայմանագրի որոշ հոդվածներ մեկը մյուսի տարածքի նկատմամբ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում ենթադրում են հստակ գործողություններ:

Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:

Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ առարկայական բանակցություններին՝ նպատակ ունենալով հասել հարցի խաղաղ կարգավորման՝ հիմնված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի տասին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքների վրա»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան