«Քրեական հեղինակության» վերաբերող՝ քրեական ենթամշակույթի հանցակազմերով հերթական վարույթն է ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Իսրայելյանը` առավելապես հայտնի «Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը, որի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել է հիշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը, որը կազմել է 12.900 ԱՄՆ դոլար, նրան վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը պարտք-գումարը մաս-մաս կվերադարձնի:

Այնուհետև Գ.Իսրայելյանը, տեղեկանալով քաղաքացու կողմից կատարված գողության դեպքի և գողոնի վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, հանդիպել է վերջինիս և վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը կլուծի՝ միաժամանակ հայտնելով, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի՝ իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ.Իսրայելյանը, 2022թ. սեպտեմբերի 21-ին, իր անօրինական ազդեցության միջոցով, ստանձնել է երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող մեկ այլ վեճի լուծում ևս:

Մասնավորապես, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Իսրայելյանի մտերիմ, ինչի արդյունքում նշված անձը, տեղյակ լինելով Գ.Իսրայելյանի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին, այդ պահին դադարեցրել է պարզաբանումները: Հաջորդ օրը Գ.Իսրայելյանի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս, որից հետո հանդիպում է տեղի ունեցել Գ.Իսրայելյանի և վիճաբանող անձանց միջև, որի ընթացքում Գ.Իսրայելյանը, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ Գ.Իսրայելյանը, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, նպատակադրվելով ստանալ անօրինական օգուտ, 2.300.000 ՀՀ դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած Թ.Խ.-ի օգտին լուծելու համար, զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել այն, իսկ դրանից 200.000 ՀՀ դրամը տրամադրել իր և հիշյալ անձի ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում Գ.Իսրայելյանը պարբերաբար սպառնացել է պարտապանին, իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Արդյունքում պարտապանը տարբեր օրերի պարտք-գումարից վերադարձրել է 1.900․000 ՀՀ դրամը, որից 400.000 ՀՀ դրամը Գ.Իսրայելյանը վերադարձրել է Թ.Խ.-ին, իսկ մնացած գումարը, որպես անօրինական օգուտ, տնօրինվել է Գ.Իսրայելյանի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Իսրայելյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Թ.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Գ.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավ՝ 10մլն. դրամի չափով, և բացակայելու արգելք, իսկ մյուս անձի նկատմամբ կիրառվել է գրավ` 2մլն. դրամի չափով։

Նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար