Քննարկվել են ՍԴ-ի, ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, ՊՎԾ-ի ՀՀ գլխավոր դատախազության և այլ գերատեսչությունների՝ 2026-ի ֆինանսական հատկացումները

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

«Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի բյուջեի նախագիծը բաղկացած է մեկ՝ «Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում» ծրագրից, որն իրենից ենթադրում է երկու՝ «Սահմանադրական դատարանի գործունեության ու սահմանադրական արդարադատության ապահովում» և «Սահմանադրական պահուստային ֆոնդ» միջոցառումները»,- այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման համտեքստում ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանը:

Ծրագրի բյուջեն ընդհանուր առմամբ կազմում է 912 մլն 367 հազար դրամ, որից 894 մլն 477 հազար դրամը կուղղվի զուգահեռաբար առաջին, իսկ 17 մլն 889 հազար դրամը ՝ երկրորդ միջոցառումների իրականացմանը:

«Ներկայացվածից հստակ երևում է, որ բյուջեի շուրջ 90 տոկոսն ուղղված է աշխատավարձերի ֆոնդին, իսկ 10 տոկոսը՝ այլ ծախսերին»,- նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Բարձրագույն դատական խորհրդի բյուջետային հայտը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:

Ըստ այդմ՝ ԲԴԽ-ի և դատարանների 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման, կազմում է շուրջ 16 մլրդ 8 մլն դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 22 միջոցառում:

2026 թվականի բյուջետային հայտով դատական իշխանության կողմից ներկայացվել է շուրջ 18 մլրդ 9 մլն դրամի ֆինանսավորման հայտ, սակայն նախագիծը պակաս է հայտից շուրջ 2 մլրդ 1 մլն դրամով կամ 10.9 տոկոսով:

«Հայտի և նախագծի միջև առկա տարբերություններով հանդերձ, ներկայացված նախագծի վերաբերյալ առարկություններ և անհամաձայնություններ չունենք»,- ամփոփելով զեկույցը՝ նշել է Նաիրի Գալստյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ նախարարությանը 2026 թվականին նախատեսված է հատկացնել 24 մլրդ 3 մլն 233 հազար դրամ, որը մոտ 850 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումից: Նախարարությունը կապիտալ ծախսերի համար կօգտագործի 409 մլն 789 հազար դրամ:

Նախարարությունը գալիք տարում կիրականացնի 7 ծրագիր:

Սրբուհի Գալյանը մանրամասն ներկայացրել է իրականացվելիք ծրագրերն ու համակարգում ընթացող բարեփոխումները:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը հայտնել է, որ 2026 թվականին կառույցին նախատեսվել է հատկացնել 10 մլրդ 638 մլն 660 հազար դրամ, որի միջոցով նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանն էլ տեղեկացրել է, որ կառույցը գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր, որի համար հատկացվելու է 1 մլրդ 102,5 մլն դրամ: Ընթացիկ տարվա համեմատ ֆինանսական հատկացման չափն  ավելացել է 18 տոկոսով՝ պայմանավորված կառույցում հաստիքների ավելացմամբ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հաջորդիվ  հայտնել է, որ կառույցը 2026 թվականին կիրականացնի 2 ծրագիր, որոնց համար նախատեսված է հատկացնել 405 մլն 693 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ բյուջետային հատկացումը կրճատվել է ընդամենը 15 հազար դրամով:

Գալիք տարվա բյուջետային հատկացումներին, իրականացվելիք ծրագրերին անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նշվել է, որ 2026 թվականին կառույցին նախատեսված է հատկացնել մոտ 7 մլրդ 568 մլն դրամ:

Վահագն Հովակիմյանի խոսքով` 2026 թվականին  հանրապետության 70 համայնքից 46-ում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, լինելու են նաև խորհրդարանական ընտրություններ:

ԿԸՀ նախագահը նշել է, որ կառույցը հավելյալ 30 մլն դրամի կարիք ունի՝ կոնֆերանսի իրականացման համար:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Նիստն ընդմիջվել է: Այն կշարունակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 9:00-ին: Կքննարկվեն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների վերաբերյալ բյուջետային հատկացումները

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ