Քաղաքաշինության կոմիտեն և ԱԶԲ-ն քննարկել են սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նախագահի առաջին տեղակալը հանդիպել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ջրային և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրեն Ջինգմին Հուանգի գլխավորությամբ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի և կոմիտեի միջև ձևավորված գործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մատչելի և սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը:

ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Շարունակվելու են երկրաշարժադիմացկուն շինարարության բնագավառում քաղաքաշինության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսվում է երկրաշարժադիմացկուն կառույցների նախագծման ձեռնարկի մշակում:

ԱԶԲ գործընկերները ներկայացրել են նաև սեյսմակայունության բարելավմանը և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորմանը վերաբերող ռազմավարություն մշակելու համար նախանշված քայլերը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտային կարևոր նախաձեռնությունների համար՝ Դավիթ Գրիգորյանն ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ԱԶԲ գործընկերներին նոր ծրագրերն իրագործելիս:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ