Փոփոխություններ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:

Ընդ որում` սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը: Սահմանված ժամկետներում դիմում չներկայացնելու դեպքում` սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում:

Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը:

Նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկատվությունը փաթեթով ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում, դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք:

Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները և դրանց լուծման հրատապությունը: Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում