Փողերի լվացում և մշակույթի անշարժ հուշարձանի վնասում. Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել

Վարդան Ղուկասյանը, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, Վ.Ղ.-ն հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:

Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավարը հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:

Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին:

Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասին):

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան