Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել այն ամուր հիմքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար:

Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտահանման դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ:

Related posts

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ

Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը