Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն չկա

Սոցիալական մեդիայում տարածվում են մի շարք օգտատերերի գրառումներ, որոնք պնդում են, թե ՀՀ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք է ներառված։

 

Հայաստանում քանի՞ 5-րդ դասարանի աշակերտ կա։ Այդ աշակերտների ծնողները նորմա՞լ են համարում իրենց երեխաների դասագրքերի…

Опубликовано Լուսինե Բարսեղյան Четверг, 1 февраля 2024 г.

Սոցցանցերում հրապարակումներից հետո լուրը շարունակել է տարածվել՝ հայտնվելով մամուլում։

Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագիրքն ու պարզել, որ այնտեղ ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն չկա։

FIP.am-ն ուսումնասիրել է նաև ֆեյսբուքյան Zona Postive էջի հրապարակված տեսանյութն և գրառումը: Առաջինում երևում է «Մանկական պատմվածքների ժողովածու» գիրքը, որում ներառված է նաև պատմվածք, որը էջը վերագրել է ադրբեջանցի հեղինակի։

Էջը հաջորդ գրառման մեջ նկատել է, որ գրքի նույն շարադրանքով պատմվածքներից մեկը ներառվել է 2023 թվականին տպագրված 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում․ դասագրքում, սակայն պատմվածքի հեղինակը հայ է՝ Արթուր Մանուկյան անունով, որը իրեն վերագրել է ադրբեջանցի հեղինակի ստեղծագործությունը։

Այսպես, գիրքը տպագրվել է 2008 թվականին Save the Children հիմնադրամի կողմից և այն ժամանակ երաշխավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Ժողովածուի պատմվածքները մշակվել են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեղինակների կողմից ռուսերեն գրված սցենարների հիման վրա, և դրանք մշակել ու ավարտուն տեսքի է բերել Բերնարդինե Սարգսյանը։

FIP.am-ի հետ զրույցում գրքի թարգմանիչ Նունե Թորոսյանը պատմել է, որ Save the Children հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում հայ, ադրբեջանցի և վրացի սցենարիստները մանկական ֆիլմի ռուսալեզու սցենար են մշակել, և ամեն սցենարիստի հանձնարարված է եղել ֆիլմի թեմատիկ հատվածներից մեկը։

Թորոսյանը նշում է, որ հետագայում հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ գործակցությամբ որոշվել է ֆիլմի սցենարը վերածել պատմվածքների՝ տեղայնացնելով դրանք հայկական միջավայրին․ թարգմանիչը նշել է, որ հայ հեղինակ Բերնարդինե Սարգսյանն է ֆիլմի սցենարի թեմատիկ դրվագները մշակել՝ համապատասխանեցնելով դրանք հայկական միջավայրին ու անձնանուններին։

FIP.am-ը ևս նկատել է, որ պատմվածքի հերոսները հայկական անձնանուններով երեխաներ են։

Հատկանշական է, որ Թորոսյանը տեղյակ չէ, թե ով է արդեն 5-րդ դասարանի դասագրքում պատմվածքի հեղինակ ներկայացվող Արթուր Մանուկյանը, և ինչու է պատմվածքը նրան վերագրվել։

Aravot.am-ի զրույցում դասագրքի համահեղինակներից, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանն ասել է, որ տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժի, որ քննության նյութ դառնան: «Սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը»,- նշել է դասագրքի հեղինակը։

Փաստացի, ֆեյսբուքյան էջը հայ, վրացի ու ադրբեջանցի սցենարիստների գործակցությամբ ստեղծված մանկական ֆիլմի սցենարի մոտիվներով հայ հեղինակի մշակած ու տեղայնացրած պատմվածքը վերագրել է ադրբեջանցի հեղինակի։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան