Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման մեկամյակին, տեղի կունենան Սոչիում նոյեմբերի 26-ին՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը նաև առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

«Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին