Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինի՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվելու մասին

Պարզել եմ հետևյալը՝ քաղաքացին երկու օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում փորձել է մեկնել Հայաստանից, ու քանի որ հետախուզում է հայտարարված եղել, նրան թույլ չի տրվել, և նա հանձնվել է ոստիկանությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից առևանգվել է ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինը և 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվում է ապօրինի անազատության մեջ:

«Քանի որ հետախուզումը կալանքով չի եղել, ինչ-որ պրոցեդուրայից հետո մարդուն ազատ են արձակել, որից հետո հիմա մենք փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը»,- ասաց նա և հավելեց, որ սա, այնուամենայնիվ, նախնական տեղեկություն է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից՝ ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։ Ըստ տեղեկության՝ ՌԴ քաղաքացին հետախուզման մեջ էր և ապաստանել էր Հայաստանում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան