Տիգրան Ավինյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է:

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակը ու հետագա քայլերը:

Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը:

Related posts

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով